BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Բժիշկներն ընտրությունների առաջին անհրաժեշտություն

Բժիշկներն ընտրությունների առաջին անհրաժեշտություն
04.03.2017 | 16:24

Ընտրարշավը կսկսվի վաղը, իսկ նախընտրական իրադարձությունները ի հայտ են բերում առաջին հայացքից տարօրինակ պահանջարկ քաղաքական գործընթացներում՝ բժշկի: Ամենալայն մասնագիտացման բժիշկների, բայց հատկապես վիրաբույժների ու հոգեբույժների: Նախ՝ ԿԸՀ ներկայացրած ՀԿԿ ցուցակից մեկ թեկնածու պակասեց՝ վախճանվել էր: Հետո սկսեցին ծեծն ու դանակահարությունները ՀՀԿ-ում ու հասան ԲՀԿ: Գործնականում յուրաքանչյուր նախընտրական շտաբի մոտ մեկ շտապօգնության անձնակազմ պետք է լինի՝ պարտադիր ծառայության մեջ ունենալով նաև հոգեբանի, այլապես ընտրությունների գործընթացում ժողովրդագրական աղետ կունենանք: Փաստացի՝ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հորդորները կուսակիցների վրա այնքան էլ չեն ազդում՝ նրանք հիմա նոր կուռք են գտել՝ ՄԱՆԴԱՏԻ տեսքով ու շեֆն այլևս նրանց համար վերին ատյան չէ, որտեղ ճակատագրեր են որոշվում: Բայց այնպես չէ, որ նրանք են միակ մեղավորը ընտրությունների քրեական պատկերում: Խնդիրն ի սկզբանե քաղաքական-օրենսդրական էր: Ընտրական օրենսգիրքը, որ սահմանում է 100 % մեծամասնական ընտրություն, 13 ընտրատարածքներում սահմանում է ներկուսակցական ռեյտինգային ընտրություններ:

Սա ՀՀԿ-ի ապահովության բարձիկը լինելուց զատ՝ նաև ընտրվողների որակի ու մակարդակի պատասխանատվությունը ընտրողի վրա դնելու քայլ է՝ դե՞մ եք օլիգարխներին, անգրագետներին, թաղային հեղինակություններին, խաժամուժին, մի ծախվեք ու մի ընտրեք նրանց: Ծախվե՞լ եք, ուրեմն հանցակիցներ եք ու նույն հարթության մեջ եք՝ ձայններդ կտրեք, տեղներդ նստեք: Այնպես է ստացվել, որ համապետական բոլոր ընտրություններից մեկ տարի առաջ խորհրդարանը Ընտրական օրենսգիրք է իբր կատարելագործել, թեպետ Ընտրական ոչ մի օրենսգրքում երբևէ չի թույլատրվել ընտրակեղծարարությունն ու ընտրակաշառքով ընտրության ելք որոշելը: Այս անգամ Ընտրական օրենսգրքի փոփոխությունն ուներ նաև օբյեկտիվ պատճառ՝ սահմանադրական հանրաքվեից հետո պետք է նոր Սահմանադրությանը համապատասխանեցվեր: Հանրահայտ քառյակներով համագործակցությունը և փոխըմբռնումը իբր հանգեցրեց ընտրակեղծարարության ու ընտրակաշառքի մեխանիզմների եթե ոչ վերացմանը, գոնե նվազեցմանը՝ տեսանկարահանումներ, ընտրողների ցուցակների հրապարակում, ընտրութան գործընթացի տեխնիկական կատարելագործում՝ մատնահետքի կիրառումով, փոխարենը իշխանությունը հանգիստ անցկացրեց ռեյտինգային ընտրակարգը, որի դեմ իրենց ընդդիմադիր անվանող ուժերը առանձնապես չպայքարեցին, խորհրդարանական քննարկումներում մի քանի նախազգուշական ելույթ ունենալով միայն: Ակնհայտ էր պայմանավորվածությունը՝ մենք համաձայնում ենք ձեր այս-այս-այս պահանջներին, դուք ընդունում եք մեր այս պայմանը: Եվ նույնքան ակնհայտ է, որ ինչ կազմ ունենա ապագա խորհրդարանը, Ընտրական օրենսգրքի փոփոխությունը լինելու է օրակարգում՝ վերացնելու համար ռեյտինգային համակարգը, որը ժողովրդավարության բազմամյա պատմություն ունեցող ու քաղաքակիրթ երկրներում կարող է աշխատել ու աշխատում է առանց զոհերի, իսկ Հայաստանում՝ ելնելով ոչ թե մեր բռիությունից, այլ՝ քաղաքական շահերի բախումից, վերածվում է թշնամանքի ու կոտորածի պատճառի, իսկապես գլադիատորական մարտերի, որտեղ չկան խաղի կանոններ, կարծես ապրիլի 2-ին կյանքը վերջանում է ու ապրիլի 3-ը չի գալու:

Պատճառը ակնհայտորեն միայն փողը չէ, ոչ էլ մենթալիտետը, պատճառը քաղաքական պահանջարկն է՝ սխալ ձևավորված պահանջարկը, երբ մանդատը դառնում է ոչ թե միջոց, այլ նպատակ, որին հասնելու գնի առաջ ոչ ոք ու ոչինչ չի կասեցնում: Այսպես հաստատ անվտանգություն չեն ապահովում՝ հասարակության մեջ սերմանված խառնակությունն անվտանգության երաշխիք չէ, ոչ էլ առաջընթացի գործոն:


Բայց կա բժիշկների անհրաժեշտության մեկ այլ ոլորտ էլ՝ քաղաքական գործիչների հոգեկան առողջությունը: Միանշանակ՝ ընտրությունները սթրես են, նախըտրական գործընթացները պահանջում են ոչ միայն նյութական ու ֆինանսական միջոցներ, այլև՝ ֆիզիկական առողջություն, ամուր նյարդեր, հոգեկան ուժերի ու կամային որակների ստուգում են: Ինչպես համոզվեցիք՝ անցած մեկ ամսում շատերն այդ փորձությունները չհաղթահարեցին ու դուրս եկան ընտրապայքարից՝ ստանալով գոտկատեղից ներքև հարվածներ: Ոմանք իրենք էին մեղավոր, ոմանց պարզապես խաբեցին: Շարքը երկար չէ, բայց խոսուն է՝ Արա Աբրահամյան, Պարույր Հայրիկյան, Արամ Գ.Սարգսյան, Վիկտոր Դալլաքյան, Զարուհի Փոստանջյան, Լյուդմիլա Սարգսյանն իր վերակազմյալ հնչակներով, Հակոբ Ավետիքյանն իր հայաստանյան ռամկավարներով, նաև իրենց իրական անվանող ռամկավարներն ու հնչակները: Ընդհանրապես դաշինքների ու կուսակցությունների ընտրացուցակների կազմման պատմությունը շատ հետաքրքիր հոգեբանական ուսումնասիրության թեմա է, որ քաղաքականից բացի պահանջում է մասնագիտական ախտորոշում: Ինչու ոմանք, օրինակ, «ԵԼՔ» դաշինքը կարողացան լինել առաջինն ու բոլոր գործընթացները հրապարակային են կազմակերպում՝ նախընտրական որևէ սկանդալի կենտրոն չդառնալով, իսկ մյուսները սկանդալից սկանդալ են անցնում՝ դա նախընտրական գովա՞զդ է, PR տեխնոլոգիա՞, թե՞ այդպես է ստացվում, որովհետև այդպես է ստացվում: Կա նաև երկրորդ հարցը՝ ի՞նչ դեր ունեն դաշինքներում ու կուսակցություններում՝ ցուցակներում չընդգրկված անձինք, որ, այնուհանդերձ, որոշիչ դեր են խաղում թե ցուցակների կազմման, թե ծրագրերի, թե հայտարարությունների, թե ողջ գործունեության վրա:

Օրինակ՝ ՕՄՕ դաշինքում ի՞նչ դեր ունի Սամվել Բաբայանը, որ դեռ անցյալ տարվանից հանդիպումներ էր ունենում քաղաքական դեմքերի ու ուժերի հետ, առաջարկներ էր անում՝ ֆինանսական ու քաղաքական, ո՞ւմ է նա ներկայացնում և ի՞նչ է ուզում: Ի՞նչ իրավունքով: Եթե նրա այդօրինակ գործունեությունը օրենսդրորեն արգելված չէ, չպիտի՞ լինեն վարքականոններ, բարոյական տաբուներ, որ ով ցանկանա, ձեռքը չմեկնի Հայաստանի ճակատագիր որոշելու գործին: Ինչպե՞ս է ստացվել, որ ամբողջ շարք գործիչներ, որ կյանքը սկսել են Ղարաբաղում, հայրենիք են ընդունում միայն Հայաստանը և Արցախը բաժանում են Հայաստանից, չեն ուզում իրենց ազգանվեր գործունեությունը ծավալել Ստեփանակերտում: Մինչդեռ իրենց ռազմական փորձը, կուտակած քաղաքական կապիտալը շատ ավելի գործունակ է փոքր Արցախում, քան մեծ Հայաստանում: Ինչո՞ւ են նրանք ուզում իշխանության գալ Հայաստանում, որ ի՞նչ անեն: Ինչո՞ւ է Հայաստանը դառնում նախկին ու ներկա իշխանություն ունեցող ղարաբաղցիների պայքարի ասպարեզ, եթե նրանք իրականում այդքան հայրենասեր են ու միակ նպատակը ժողովրդին ծառայելն է, հայրենիքը փրկելը: Շղթան չի ստացվում, հատված օղակներ կան, կամ այլ մետաղից օղակներ, որ սիրո ու հայրենասիրության ատաղձին չեն կպչում: Բացահայտ է, որ նրանց գործունեության դրդապատճառները այլ են:

Նրանք սկանդալից դուրս զրո են, որովհետև ասելիք չունեն՝ բացի այլոց մեղադրանքներից պաշտպանվելը կամ փոխադարձ մեղադրանքներ բարձրաձայնելը: Անցյալում եղած տասնյակ հարցերը նրանց չեն թողնում սկանդալներից դուրս գալ, որովհետև իրենց ներկայացրածի պես ազգանվեր ծառայություն չի եղել իշխանական բարձր պաշտոններում աշխատանքը: Սեյրան Օհանյանը թիկունքում ունի Սամվել Բաբայանին: Սամվել Բաբայանը թիկունքում ունի Ռոբերտ Քոչարյանին: Ռոբերտ Քոչարյանը փորձում է թիկունքում ունենալ ռուսական գործոնը՝ իշխանությունը վերադարձնելու համար՝ վերացրի՞ն նախագահի պաշտոնը, լավ, կփորձի դառնալ վարչապետ: Սա է ամբողջ պատմությունը՝ ելակետ ունենալով 2008-ը, կարծես 9 տարի չի անցել, ոչինչ չի փոխվել և 2017-ը հնարված է նրա համար ցատկահարթակ լինելու: Այս պարագայում «ինչո՞ւ» հարցը չի աշխատում, իրեն դա պետք է, ու՝ վերջ: 1997-ից այդպես է եղել, պիտի ընդհատվի՞: Հետո ինչ, որ նախորդ փորձերը չստացվեցին՝ ԲՀԿ-ն չդարձավ Ռոբերտ Քոչարյանին վարչապետ դարձնող ուժ՝ ՀՀԿ-ն հաղթեց, ու փասիանսը քանդեց: Մարտի մեկից հետո քաղաքականություն վերադարձը ապրիորի դարձավ: Հետո ինչ, որ հիմա այլևս երիտասարդ չէ ու արդեն դառնում է թոշակառու, նպատակը կա, ֆինանսները կան, գորշ կարդինալները կան, ժողովրդին կխաբեն: Ու ի՞նչ: Գերի՞ ենք նրանց անձնական հավակնություններին, որ փաթեթավորում են մեզ ծառայելու փայլուն թղթերով: Ռուսաստանի գործոնը ներքաղաքական գործընթացներում, սակայն, միայն Ռոբերտ Քոչարյանը չի մարմնավորում իր սատելիտներով, հավելեք ԲՀԿ-ին, ՀԱԿ-ՀԺԿ-ին ու կստանաք այսօրվա կյանքը անխախտ պահելու պատկերը՝ կհաղթի, թե չի հաղթի ՀՀԿ-ն: Կան քաղաքական գործիչներ, որ Հայաստանի համար դարձել են վտանգավոր ու նրանց գործունեությունը ոչ մի դրական լիցք չունի քաղաքական գործընթացներում, նրանք ոչ մի միայն վիճահարույց տեսակետներ ունեն, այլև սպառնալիք են Հայաստանի ինքնիշխանությանը: Բոլորն էլ հասկանում են, բայց չեն բարձրաձայնում, ու ասպարեզը լցվել է ազգադավ աղմուկով՝ ով ում ինչ ասաց, ով ում ինչ պատասխանեց:

Սա ստորություն է ընտրողի առաջ, ումից հավատ են պահանջում: Ինչի՞ն հավատալ, որ հայրենասիրությունը սրիկայի վերջին ապաստա՞նն է: Ո՞վ չգիտի, պե՞տք են ապացույցներ: ՈՒ քանի դեռ այս աղմուկի մեջ չի լսվում ճշմարտության ձայնը, տարատեսակ հայրենասերները ինքնարտահայտվելու են հավատի ու վստահության վերացման հաշվին ու մեր առաջ կառուցելու են դղյակներ, որ մի ակնթարթում կոտրած տաշտակ են դառնալու, եթե իրենք հաջողության հասնեն: Սա է իրականությունը: Դառը իրականությունը, որից ելքը քաղաքական դաշտը թափոնից մաքրելն է ընտրություններում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ինչպես տարբերել թափո՞նը: Նրանք սովորաբար իրենց մասին խոսում են երրորդ դեմքով՝ ենթագիտակցաբար զգալով, որ իրենց առաջին դեմքը ոչինչ չի նշանակում, բայց ինքնամեծարում են՝ հայտարարելով, թե այլոց պատիվը իրենց հետ շփումով չեն պատրաստվում բարձրացնել: Իսկ գուցե այդքան պատիվ չունե՞ն այլոց հետ հարաբերվելու համար, ուրեմն ինչո՞ւ են հանդգնում ժողովրդին դիմել, եթե նախ և առաջ հոգեբույժի կարիք ունեն:

Դիտվել է՝ 1456

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ